ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևան

ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել «Նեմչինովկա» դաշնային հետազոտական կենտրոնի՝ Ռուսաստանի գյուղատնտեսական գիտության խոշորագույն գիտամեթոդական կենտրոնի և Ագրոբիոտեխնոլոգիաների հայկական գիտական կենտրոնի միջև։ Տեղեկությունը հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած այցի շրջանակներում:
«ՌԴ պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել «Նեմչինովկա» դաշնային գիտական կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոբիոտեխնոլոգիաների գիտական կենտրոն» մասնաճյուղի միջև», - ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության` Երևանում Աֆոնինան հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ: Կողմերը քննարկել են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման, անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդգծվել է նաև պրոֆիլային ուսումնական հաստատությունների գծով ուսանողական փոխանակումների զարգացման, ինչպես նաև միջազգային գիտաժողովներին և մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցության կարևորությունը: