ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման առումով մեր ռազմավարական դիրքերի և մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Այդ մասին ՔՊ–ում քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Թրամփի ուղու» շրջանակում երկաթուղու գործարկմանը և դրա որոշ հատվածների` Ռուսաստանի կողմից վերականգնմանը։
Նրա խոսքով` կան ուժեր, որոնք ասում են` այնպես պետք է անել, որ Մեղրիից հետո, երբ երկաթգիծը մտնում է Նախիջևան, դրանից հետո շրջանցի Հայաստանը։
«Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են` ինչպե՞ս կարող է երկաթգիծը շրջանցի Հայաստանը. Հայաստանը մեր գործընկերն է, նա այս ծրագրի մի մասն է, և այդտեղ նրանք, որոնք ուզում են, որ Հայաստանը շրջանցել, ասում են` Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Ռուսաստանի և շատ երկրների հարաբերություններ այսօր բավականին սրված են, և ՀՀ իշխանություններն ամեն անգամ բացատրում են` թեև երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է, սակայն Հայաստանի սեփականությունն է։
«Ռուսաստանը, մեր համոզմամբ, որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում որևէ կերպ չի խոչընդոտի մեր տարածաշրջանային նախագծերին: Այս մասին ես ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, և ես գիտեմ, որ նա աջակից է բոլոր այս ծրագրերին։ Ուղղակի խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո չպետք է Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է ՌԴ կառավարման ներքո։ Հիմա ես ասում եմ, ու այս տեղեկատվությունը պետք է թափանցիկ կիսենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որ մենք տեսնում ենք, որ նրանք, որոնք ասում են` պետք է Հայաստանը շրջանցել, նրանց թիվը մեծանում է։ Մենք հիմա նման իրավիճակի առաջ ենք հայտնվել»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նրա վստահեցմամբ` ՀՀ իշխանությունները ՌԴ–ի դեմ որևէ բան անելու որևէ ցանկություն կամ մտադրություն ոչ ունեցել են, ոչ էլ ունեն, սակայն հիմա երկաթուղու` ՌԴ կողմից կառավարման առումով Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում։
Փաշինյանի պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի ՌԴ–ից գնի կոնսենցիոն կառավարման իրավունքը։
Թե որ երկրի մասին է խոսքը, նա չորոշակիացրեց և նաև անպատասխան թողեց լրագրողի դիտարկումը` արդյոք դա կարո՞ղ է լինել Իրանը` միայն նշելով. «Օրինակ` Ղազախստանը, ԱՄԷ–ն, Կատարը կամ որևէ այլ երկիր, որը հիմա իմ մտքով չանցավ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ։ Ես գոնե այդպիսի երեք երկիր գիտեմ»։
Լրագրողի ճշտող այն հարցին` արդյոք Ռուսաստանի դեմ ընդդիմացող այդ երկրները Թուրքիան և Ադրբեջա՞նն են, Փաշինյանն այլ կերպ պատասխանեց. «Չեմ կարող ասել. կան ներդրումային հետաքրքրություններ ունեցողներ, որոնք մտածում են` որտեղ արժե փող դնել»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: