ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Հենց այս պահին իրավապահները խուզարկում են Արմեն Չաչյանի աշխատասենյակը»,- գրել է փաստաբանը։
Այլ մանրամասներ Ալեքսանյանը չի հայտնել։
«Իզմիրլյան» ԲԿ-ից Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին, որ ԲԿ–ում խուզարկություն են իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, պատճառն իրենց հայտնի չէ։
«Առավոտյան ժամը 9։00-ից ԲԿ-ում է ՔԿ-ն։ Որևէ տեղեկություն չեն հայտնում, թե ինչի համար է խուզարկությունը։ Պարոն Չարչյանն այսօր առավոտյան պլանավորած վիրահատություն ուներ, բայց նրա փոխարեն այլ բժիշկ է այն իրականացնում»,- ասացին ԲԿ–ից։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ Վարդանանց քաջերի հիշատակության օրը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ նաև Ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է։ Բժիշկը գրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի անձնակազմի և իր անունից սրտանց շնորհավորում են Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։