ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Իրանը ողջունում է Հայաստանի վարչապետի` խաղաղությանը միտված քաղաքականությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում, և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով»,– իր խոսքում շեշտել է Խալիլ Շիրլողամին` ընդգծելով երկու ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերի փաստը, որի վրա էլ հիմնված է Հայաստանի և Իրանի միջև փոխվստահության բարձր մակարդակը։
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի դեսպանի հետ
© Photo : press office of the Prime Minister of RA
Վարչապետ Փաշինյանն իր հերթին շնորհավորել է Շիրղոլամիին դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով, և կարևորել Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։
«Հայաստան–Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ երկու երկրները միմյանց կապվում են բնական շահերով»,– ասել է Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ Խալիլ Շիրղոլամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունն էլ ավելի խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև տարբեր ոլորտներում Հայաստան–Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։