ՀՀ ՏԿԵ նախարարը ատոմակայանի շահագործումը երկարաձգելու հարցը քննարկել է ՌԴ դեսպանի հետ

ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպման ընթացքում կարևորել են միջտարածաշրջանային համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հսյտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։
Ինչպես հայտնել ենք, փետրվարի 11–ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան
«Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին
Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ էլ շարունակել խորացնել համագործակցությունն այդ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։