ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով շուրջ 95 մլրդ դոլարի սահմաններում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիյար Իմանալիևը։
Իմանալիևը նշել է, որ ցուցանիշների աճ է նկատվում այնպիսի ապրանքախմբերի գծով, ինչպիսիք են սննդամթերքը, տեքստիլը, կոշիկը, որտեղ 2025 թվականի արդյունքներով ակնկալվում է շուրջ 20% աճ։ Փայտանյութի և թղթի ցելյուլոզայի արտադրանքի գծով սպասվում է մոտ 14% աճ, իսկ քիմիական արտադրանքի գծով՝ մոտ 2,3%։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի, իսկ 21%-ով՝ թարմ սառեցված ձկան մատակարարումները։
Միևնույն ժամանակ, 2025 թվականին Ղազախստանը ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ է արտահանել 21%-ով ավելի շատ պատրաստի ալյուրե և հացահատիկային արտադրանք, 41%-ով ավելի շատ միրգ ու ընկուզեղեն, իսկ կենդանի անասունների մատակարարումներն աճել են 1,5 անգամ։
«Ռուսաստանի Դաշնությունը զգալիորեն ավելացնում է մսի և մսամթերքի մատակարարումներն անդամ պետությունների շուկաներ՝ շուրջ 40%-ով։ Միաժամանակ Ղրղզստանի դեպքում մենք տեսնում ենք լաքաներկերի մատակարարումների աճ՝ 1,6 անգամ, կաուչուկի՝ 1,5 անգամ, իսկ պլաստմասսայե արտադրանքի գծով՝ 14% աճ»,-ասել է Իմանալիևը։
Նախարարը նաև հայտնել է, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին փոխադարձ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%։