Բաքվի համար ՔՊ-ն քաղաքական կապիտալ է․ քաղաքագետը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ գալու մասին

Քաղաքագետն ընդգծում է, որ Հայաստան են եկել մարդիկ, որոնք ատում են հայերին ոչ թե այն պատճառով, որ հայերը կային Արցախում, այլ որ հայերն առհասարակ գոյություն ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանի համար ՔՊ-ն քաղաքական կապիտալ է, որին ամեն կերպ պետք է աջակցել ու հատկապես հիմա՝ նախընտրական շրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ Հայաստան գալուն։
Այսօր հայտնի դարձավ, որ ավելի քան 30 տարվա դադարից հետո առաջին անգամ ադրբեջանցիները ցամաքային սահմանով Հայաստան են եկել, ու դա արել են սահմանազատված ու սահմանագծված, այսինքն՝ Կիրանցի հատվածում։ Հրապարակված կադրերում երևում է, որ ադրբեջանցիները տեղում անձնագրի ստուգում և մաքսային այլ ընթացակարգեր են անցնում։
Նախևառաջ, քաղաքագետի խոսքով՝ կարևորը ժամանակահատվածն է՝ նախընտրական շրջան, ու բոլոր քայլերը պետք է հենց այս համատեքստում դիտարկել։ Նման քայլը նաև ուղերձ է, թե այս ամենը կստացվի նաև «Թրամփի ուղու» գործարկման ժամանակ։
Ինչ վերաբերում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությանը, կարելի էր այս նախաձեռնությանը հավատալ, բայց դա ի չիք է դառնում, երբ Ադրբեջանի պատվիրակության կազմն ենք ուսումնասիրում․ Հայաստան են եկել մարդիկ, ովքեր ատում են հայերին, ովքեր կամ Հայաստանի ու հայերի դեմ վարվող տեղեկատվական քարոզչության ակտիվ մասնակից են եղել, կամ էլ ֆիզիկական առումով են մասնակցություն ունեցել, օրինակ՝ Լաչինի միջանցքի բլոկադային և այլն։
«Նրանք Ադրբեջանում հայաֆոբիայի տարածման ռահվիրաներից են, տեղեկատվական այն գործիքներից են, որոնց շնորհիվ Իլհամ Ալիևը կառուցում է ադրբեջանական պետականությունը նաև հայկական ինքնության ժխտման ճանապարհով։ Եկել են մարդիկ, որոնք ատում են հայերին ոչ թե այն պատճառով, որ հայերը կային Արցախում, այլ որ հայերն առհասարակ գոյություն ունեն։ Եթե իրենք, օրինակ, Հայաստանից հանդես գային ուղերձով, որ կարծում են՝ Ալիևը պետք է դադարի ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, այս նախաձեռնությունը հասկանալի կլիներ, բայց եթե իրենք դա չեն անում, ստացվում է, որ պարզապես Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մի մասնիկն են, ու ամեն մեկը մի ձևով է քարոզարշավին օգուտ տալիս»,- նշեց քաղաքագետը։
Իսկ այն կարծիքը, թե այդ մարդիկ այստեղ գալուց հետո կարող են Հայաստանի ու հայերի հանդեպ դիրքորոշում փոխել, ըստ քաղաքագետի՝ միամտություն է։ Եթե հայկական պատվիրակության անդամները դիմեն, կարողանան համոզել, ճնշում գործադրել, խնդրել ադրբեջանցի գործընկերներին Ալիևին ստիպել փակել «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը, ապա դա շատ լավ հնարավորություն կլինի։
Քաղաքագետի համար կասկածելի է նաև այն, որ հայ-ադրբեջանական հարյուրավոր կիլոմետրեր ընդհանուր սահմանից ընդամենն այս փոքրիկ հատվածն է սահմանազատված։
«Տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ մյուս տեղերում սահմանազատված չէ, միգուցե Ադրբեջանի իշխանություններն ակնկալիք ունեն, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների բացակայության պայմաններում մեզ ոչ թե սահմանազատում է սպասում, այլ տարածքների օտարում՝ 2026 թվականի ընտրություններից հետո, այդ իսկ պատճառով էլ չեն շտապում հսկայական սահմանի նոր հատվածները սահմանազատել»,- նշում է քաղաքագետը։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերի 21-ին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։