Ո՞վ է ծեծել 13–ամյա տղային․ ՆԳՆ-ն ներկայացրել է Լոռիում տեղի ունեցած դեպքի մանրամասները

ՆԳ նախարարի անունից միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի դպրոցներից մեկի աշակերտ 13-ամյա Ալիկ Հ.-ին ծեծի են ենթարկել համադասարանցիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Երեկ տեղեկացրել էինք, որ որ Լոռու մարզի դպրոցներից մեկում դպրոցականի են ծեծել, նրան տեղափոխել են Երևան։ Այսօր հայտնի դարձավ, որ նա այտոսկրի կոտրվածք է ստացել։
«Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին: Իրավապահները պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն ծեծի են ենթարկել 3 համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։
Համադասարանցուն ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Քրեական վարույթ է նախաձեռնվել առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։