ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կասկածի տակ դրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակած «ինքնիշխանության» թեզը: Նա ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց, որ գործող իշխանությունն անգամ Նախիջևանն է անվանում ադրբեջանականացված տարբերակով:
«Ասում եք պետականություն և ինքնիշխանություն. էդ մենք դեմ էինք, իսկ դուք՝ կո՞ղմ։ Ո՞ր ինքնիշխանության, որի գոյության առհավատչյան համարում եք Միացյալ Նահանգների 99 տարով ներդրումային ծրագի՞րը: Ո՞ր ինքնիշխանության՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի դրոշները ՀՀ տարբեր հատվածներում դնելո՞ւ: Մի ինքնիշխանություն, որի ղեկավարը Նախիջևանի փոխարեն սկսել է գործածել Նախջևան տարբերակը։ Սա նույնիսկ մեր ու ձեր ապրած ոչ ինքնիշխան «սովետի» տարիներին մեկի մտքի ծայրով չէր անցել, որ Նախիջևանին ասեն Նախջևան»,– ասաց Մանուկյանը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առնվազն 2025 թ․ հոկտեմբերից հայերեն տեքստերում և ելույթներում «Նախիջևանի» փոխարեն սկսել է օգտագործել ադրբեջանականացված «Նախջևան» տարբերակը։