ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Երևանյան խցանումների պայմաններում շտապօգնության ծառայության արագ արձագանքման համար շուտով կօգտագործվեն մոպեդները։ Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք հասկանում ենք, որ լրացուցիչ ներուժ ներգրավելու կարիք կա։ Այս առումով մի քանի երկրների փորձ ենք ուսումնասիրել, և հրատապ դեպքերում որպես բժշկի հասանելիություն ապահովելու միջոց ծրագիրը շուտով արդեն պետք է գործնական փուլ մտնի»,- ասաց Ավանեսյանը։
Կառավարությունը շուտով համապատասխան որոշում կընդունի։ Նախարարի խոսքով՝ լինելու է մեկ անձ՝ առաջին օգնության պայուսակով, որը հրատապ բուժօգնություն կտրամադրի։
Հիշեցնենք՝ դեռ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը հայտնել էր, որ Երևանի շտապ բուժօգնությունը նախատեսում է ծառայություն մատուցել մոպեդով: Նա նշել էր, որ մոպեդով շտապօգնության ծառայություն մատուցողները ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին կարձագանքեն, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում։