Ի՞նչ է իրականում ասել Ռուբեն Վարդանյանը եզրափակիչ ելույթում. ձայնագրություն է հրապարակվել

Վարդանյանը հայտարարել է՝ Բաքուն չօգտվեց առիթից նորմալ դատաքննություն անցկացնելու և երկարաժամկետ խաղաղության հիմքեր ստեղծելու համար, այլ ոչ պրոֆեսիոնալ շոու արեց, որն անգամ Ադրբեջանին օգուտ չբերեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Սա ոչ թե դատարան է, այլ դատաստան․ երեկ Բաքվի դատարանում հայտարարել Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն իր եզրափակիչ ելույթում։ Նա այդ մասին պատմել է ընտանիքի հետ հեռախոսազրույցում։
Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, թե Վարդանյանը կոնկրետ հարցերի շուրջ չի խոսել, ընդհանուր մտքեր է ասել և հայտարարել է, որ իր կալանքի երկու տարիների ընթացքում ծանոթացել է ադրբեջանական պոեզիային։ ԶԼՄ-ները նաև հայտնել էին, որ Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովը պաշտպանական եզրափակիչ ելույթ չի ունեցել։
Ռուբեն Վարդանյանը հաստատել է, որ ինքը թույլ չի տվել Բաբիշովին պաշտպանական ճառ ասել, ըստ էության, արդարադատության իմիտացիայի ստեղծմանը չնպաստելու համար, իսկ իրականում արդար դատաքննության համար որևէ հնարավորություն չի եղել։ Վարդանյանը նաև նշել է, որ դատարանում կարդացել է միջնադարյան բանաստեղծ Ֆիզուլիի բանաստեղծություններից մեկը, որը պատմում է ոսկե երկրի փադիշահի մասին, ով մարդկանց արծաթով է կաշառում հարևան երկիր գրավելու համար։ Վարդանյանն ավարտել է խոսքերը բանաստեղծության այն տողերով, որ չպետք է անցողիկ մի կտոր հացի համար ծառա դառնալ, և հավելել է` նույնիսկ բենզինի խմբաքանակների։
«Ասել ու կրկնում եմ` պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով, առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև, կրկնում եմ, խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։ Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի»,- ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ թեպետ իրեն դատի ժամանակ 3 անգամ փորձել են ընդհատել, սակայն ինքը հայտարարել է՝ «Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի հենց գոյաբանական առումով»։ Նրա կարծիքով՝ սա զուտ իրավական բնույթի հարց չէ։
«Ասել եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի դեռ մեր, դեռ իմ, հուսով եմ, կյանքի ընթացքում հակամարտության երեք կողմերի ղեկավարները միասին ծաղիկներ խոնարհեն ամեն մի ազգի ու կրոնի ներկայացուցիչների շիրիմներին և ներողություն հայցեն բոլոր մայրերից նրանց զոհված զավակների համար։ Հույս ունեմ, որ դա մի օր տեղի կունենա, և որ տեղի կունենա հենց հարգանքով՝ բոլորի ու միմյանց նկատմամբ»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Նա նաև հայտարարել է, որ Բաքվի դատարանում ինքը հայ ժողովրդին է ներկայացնում և չի վախենում որևէ պատժից կամ որոշումից և պատրաստ է այն ընդունել հանգիստ, քանի որ սա ոչ թե դատարան է, այլ դատաստան: Շեշտել է, որ նրանք չօգտվեցին առիթից նորմալ դատական գործընթաց իրականացնելու և երկարաժամկետ խաղաղության հիմք ստեղծելու համար, այլ կազմակերպեցին անհասկանալի ու ոչ պրոֆեսիոնալ շոու, որը ոչ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանին որևէ օգուտ չտվեց։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։