Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է 78,6 տարվա. Ավանեսյան

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին զգալիորեն նվազել է մայրական մահացությունների թիվը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է 78,6 տարվա։ Այսօր տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի արդյունավետության մի քանի կարևորագույն ցուցանիշներ կան, որոնք ցույց են տալիս՝ նախարարության կողմից տարվող աշխատանքն արդյունք տալիս է, թե ոչ:
«Ամենակարևորը կյանքի միջին տևողությունն է։ 2024 թվականի տվյալներով (2025 թվականի տվյալները դեռ չկան) Հայաստանում միջին տևողությունը 78,6 տարի է, ինչը գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Եվ սա մեր ամենակարևոր ձեռքբերումն է»,- ասաց Ավանեսյանը։
Մյուս ցուցանիշը, ըստ նրա, մայրական մահացության մակարդակն է։ Նրա խոսքով՝ անցյալ տարի արձանագրվել է մեկ մահվան դեպք, ինչը ևս աննախադեպ ցուցանիշ է։
Նախարարի խոսքով՝ մանկական մահացության մակարդակը նվազել է մինչև 2024 թվականը, սակայն 2025 թվականին այդ միտումը խախտվել է։ Նախարարությունում վերլուծել են իրավիճակը և պարզել, որ դա կապված է եղել ճանապարհատրանսպորտային պատահարների թվի, թունավորումների և տանը գրանցված մահվան դեպքերի հետ:
Նախարարը կարծում է, որ կենցաղում անվտանգության ապահովումը կրիտիկական է երեխաների համար, դա վերաբերում է նաև դեղերի, թույների օգտագործմանը, անվտանգության կանոնների պահպանմանը։