Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը

Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Երևանում՝ «Սպորտի զարգացման կենտրոնում» փետրվարի 16-21-ը կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը: Այս մասին ասուլիսում հայտարարել է Եվրասիական լիգայի նախագահ, «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը։
«Հայաստան են ժամանելու ուժեղ կազմերով թիմեր` վրացական «Օրբի»-ն, լիբանանյան «Հուպս»-ը, ամերիկյան «Փայլոթ»-ը, ղազախական «Բարսի»-ն, ինչպես նաև կմասնակցեն հայկական «Հատիս», «Ուրարտու» ու «Էրեբունի» ակումբները: Առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում է 7 թիմ»,-ասել է Գիլոյանը։
Նրա խոսքով` այս կերպ հայկական ակումբները հնարավորություն կունենան փորձ կուտակել միջազգային խաղերի համար, ինչը հնարավորություն կտա առավել խոշոր մրցաշարերի մասնակցել:
«Մեր նպատակն է, որ հասկանանք, թե արդյո՞ք մենք մրցունակ ենք, մրցակցային ենք այլ թիմերի հետ: Եթե լավ հանդես գանք այստեղ, հետագայում կմտածենք՝ մասնակցել միջազգային մրցաշարերի` Չեմպիոնների լիգային կամ եվրոգավաթի»,-նշել է Գիլոյանը։
Մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ: