Ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյանը նոր ժամկետ նշեց

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում ԱՄՆ–ի հետ համագործակցությանը` Փաշինյանն ասաց, որ դեռ կտեսնեն՝ Հայաստանն ինչպես է շարունակելու համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ` 10 տարով երկարացնելու, այսինքն` մինչև 2046 թվականը։ Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին։
Աշխարհում, բացի Ռուսաստանից, որևէ մեկը չունի մոդուլային աշխատող ատոմակայան. Քոչարյան
Ռուբինյանը հետաքրքրվում էր` ի վերջո ե՞րբ է փակվելու Մեծամորի ատոմակայանը, ի՞նչ պայմաններում, մինչ այդ մենք նոր ատոմակայան կառուցա՞ծ ենք լինելու, ինչպիսի՞ն է այն լինելու, ո՞ւմ հետ ենք համագործակցելու։
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում ԱՄՆ–ի հետ համագործակցությանը` Փաշինյանն ասաց, որ դեռ կտեսնեն՝ Հայաստանն ինչպես է շարունակելու համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։
«Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և, իհարկե, որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան պաշտոնական այցից հետո ԱՄՆ–ի հետ ռազմավարական գործընկերության խորացման հետագա ճանապարհային քարտեզին և «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ժամկետներին` Փաշինյանն ասաց, որ Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ–ին կփոխանցի «Թրամփի ուղու» (TRIPP) նախագծի վերաբերյալ իր դիտարկումները։
Հայկական ԱԷԿ-ը կկանգնի երկարաժամկետ նորոգման. որ կայանները կլրացնեն նրան 2026–ին
«Համաձայնագրի նախագիծը հիմնված կլինի երկու երկրների կառավարությունների կողմից հաստատված շրջանակային փաստաթղթի վրա»,– նշեց վարչապետը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։