Անապայի տեխնիկումում հրաձգության հետևանքով անվտանգության աշխատակից է մահացել

Կրակողը տեխնիկումի ուսանող է, նա ձերբակալվել է։ Ըստ նախնական տեղեկությունների` նա կրակ է բացել դիպլոմի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Անապայի տեխնիկումում հրաձգության հետևանքով անվտանգության աշխատակից է մահացել։ Այս մասին հայտնել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անապայի Պրոմիշլեննայա փողոցում՝ արդյունաբերական տեխնիկումի մոտակայքում, հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորներ կան։ Տեխնիկումի վրա հարձակված տղայի մոտ հրացան և 15 փամփուշտ է եղել։ Ըստ ուսանողների ՝ նա 17 տարեկան է, սովորում է ավտոմեխանիկայի բաժնում։
Կոնդրատևը հայտնել է, որ անվտանգության աշխատակիցն իր վրա է վերցրել հարվածը, արագ արձագանքել է և կանչել իրավապահ մարմիններին, թույլ չի տվել, որ հարձակվողն առաջ գնա։
Ինչպես RT-ին ասել է ուսումնական հաստատության հիմնադիր Վլադիմիր Պոնոմարյովը, հարձակման հետևանքով 2 տուժած կա` գրադարանավարն ու 1 ուսանող: Ուսանողը լուրջ վնասվածքներ չի ստացել, իսկ աշխատակիցը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Անապայի տեխնիկումի ուսանողները կրակոցների ժամանակ հրաժեշտի նամակներ են գրել ծնողներին։ Հաղորդագրություններից մեկը հրապարակել է շենքում գտնվող ուսանողուհիներից մեկի մայրը. «Մայրիկ, ես քեզ շատ սիրում եմ, շնորհակալություն ամեն ինչի համար: Չգիտեմ՝ ամեն ինչ լա՞վ կլինի: Մեզ մոտ՝ տեխնիկումում, ահաբեկչություն է»։
Ըստ նախնական տեղեկությունների` ուսանողը կրակ է բացել դիպլոմի պատճառով` նա կաշառք է վճարել, որպեսզի դիպլոմն ավելի շուտ ստանա, բայց չի ստացել: