ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքը կարժանանա Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի։
«Անպայման»,- ասել է նա՝ պատասխանելով զոհվածի ընտանիքին օգնություն ցուցաբերելու ծրագրերի մասին հարցին։
55-ամյա Նիկոլայ Զամարաևն իր մարմնով պաշտպանել էր ուսանողներին դեռահասից, որը փետրվարի 11-ի ցերեկը հրացանով զինված մտել էր տեխնիկում։ Նա առաջինը հենց անվտանգության աշխատակցին էր կրակել։ Չնայած արնահոսությանը՝ Նիկոլայը հասցրել էր արագ զանգահարել ոստիկանություն և Ռոսգվարդիա։ Նրա հստակ և գրագետ գործողությունների շնորհիվ զինված դեռահասին արագ ձերբակալել և վնասազերծել են։
Ավելի վաղ RT-ի գլխավոր խմբագիրը հայտարարել էր, որ մրցանակը սահմանելու հարցում իրեն ոգեշնչել է Բուգուրուսլանի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիների արարքը, որոնք երեխաներին պաշտպանել են դանակով զինված մոլագարից:
Տիգրան Քեոսայանը մահացել է սեպտեմբերի 26-ին, 59 տարեկանում։ 2025–ի հունվարին նա կլինիկական մահ էր տարել և կոմայի մեջ էր։ Սիմոնյանի խոսքով՝ ռեժիսորը սրտի լուրջ խնդիրներ ուներ, և նրա վիճակում բարելավում չէր նկատվում։