ԱՄՆ մոդուլային ատոմակայանների արդյունավետությունն ապացուցված չէ. Ղուկասյանը` ռիսկերի մասին

Ղուկասյանը զգուշացրեց՝ եթե մոդուլային ատոմակայանի նախագիծը ևս տապալվի, ապա 2036 թվականից հետո, երբ Մեծամորի ատոմակայանը դադարեցնի աշխատանքը, Հայաստանը կարող է կանգնել լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Միացյալ Նահանգները դեռևս չի կարողացել հաջողությամբ գործարկել որևէ փոքր մոդուլային ատոմակայան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ մոդուլային ատոմակայն կառուցելու որոշմանը: Նա օրինակ բերեց ԱՄՆ Յուտա նահանգում իրականացված փորձը, որտեղ ամերիկյան Nuclear Power ընկերությունը երկար տարիներ փորձել է նման կայան կառուցել, սակայն ծրագիրը ձախողվել է։
«Դա այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև պրոցեսը տևեց շատ երկար, երկարացրին ժամկետները, և շատ մեծ ծախսերի մասին էր խոսքը գնում, 10 միլիարդ դոլարը անցան, և արդյունքում այդ ծրագիրը կիսատ մնաց»,– նշում է Ղուկասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարեց, թե ԱՄՆ–ն ու Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, և երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Ըստ Վենսի` դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով` սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան Հայաստան։
Քաղաքագետ Արման Ղուկասյանի գնահատմամբ՝ ԱՄՆ–ում իրականացված մյուս փորձերը ևս չեն տվել ցանկալի արդյունք, ինչի հետևանքով այսօր աշխարհում չկա որևէ գործող ամերիկյան մոդուլային ատոմակայան, որը երկարաժամկետ աշխատանքի ընթացքում ապացուցած լինի դրա արդյունավետությունն ու անվտանգությունը։
«էլ չեմ ասում, որ հաշվարկված է մասնագետների կողմից, որ մոդուլային ատոմակայանը՝ որպես էներգիայի մատակարարող, ավելի թանկ էներգիա է արտադրում, այսինքն՝ այն նաև սպառողի վրա է ավելի թանկ վաճառվում»,- նշեց նա:
Քաղաքագետի համար ընդունելի չէ ՀՀ իշխանությունների դիրքորոշման կտրուկ փոփոխությունը։ Նա հիշեցրեց, որ մինչև վերջերս Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ քննարկումներ է վարում Ռուսաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի հետ՝ նոր ատոմակայանի կամ էներգաբլոկի կառուցման շուրջ։
«Գիտեք՝ իշխանությունները գալիս և գնում են, որևէ իշխանություն հավերժ չէ, բայց խոսքն այդ դեպքում առհասարակ Հայաստանի ապագայի մասին է՝ մոտ ապագայի մասին: 2036 թ–ից հետո մենք պետք է ունենանք կա՛մ նոր մոդուլային ատոմակայան, կա՛մ նոր էներգաբլոկ: Գիտեմ, որ աշխարհում բավականին հաջողված փորձեր ատոմակայանի կառուցման ունեն ռուսները և չինացիները: «Ռոսատոմը» երկար ժամանակ է՝ հրապարակային կերպով առաջարկում է Հայաստանին նոր էներգաբլոկի կամ ատոմակայանի կառուցում։ Իշխանությունները պետք է հստակ ներկայացնեն, թե ինչով է ամերիկյան առաջարկն ավելի գրավիչ, քան արդեն փորձարկված ու գործնականում կիրառվող այլ տարբերակները»,– ընդգծեց Ղուկասյանը:
Նա մեծ ռիսկ է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է իր էներգետիկ ապագան կապել տեխնոլոգիայի հետ, որը դեռ «գետնի վրա չի աշխատում»։ Նա զգուշացնում է՝ եթե մոդուլային ատոմակայանի նախագիծը ևս տապալվի, ապա 2036 թվականից հետո, երբ Մեծամորի ատոմակայանը դադարեցնի աշխատանքը, Հայաստանը կարող է կանգնել լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ։
Հայկական ԱԷԿ-ը ԽՍՀՄ–ի լավագույն ատոմային նախագիծն է. «Ռոսատոմի» ղեկավար