ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը մշակույթի նախկին նախարար Հակոբ Հակոբյանի (առավել հայտնի է գրական կեղծանունով` Հակոբ Մովսես. խմբ.) լիազորությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում դադարեցնելու հարցը կքննի հատուկ ընթացակարգով։
Նախաձեռնության հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր, որին միացավ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հատուկ ընթացակարգով քննելու հարցը հավանության արժանացավ միաձայն քվեարկությամբ` 74 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
«Հայաստան» խմբակցությունը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները, քանի որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։
Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ էր թույլ տվել։
Նշենք, որ Հակոբ Հակոբյանը ՀՌՀ անդամ էր առաջադրվել «Քաղաքացիական պայմանագրի» կողմից և ԱԺ կողմից ընտրվել էր 2022 թվականին։