ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Բաքվում գտնվող հայ գերիների հարցը։ Ադրբեջան մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։
«Այո՛, մենք խոսելու ենք նաև հայ ձերբակալվածների հարցին»,- ասաց նա։
Վենսը հավելեց, որ ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ունի երկու կողմերի հետ էլ՝ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Նա նշեց` երեկ Փաշինյանը նաև ասել է, որ լավատեսորեն է տրամադրված խաղաղության համաձայնագրի նկատմամբ՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, թե որտեղ ենք մենք՝ համեմատած մի քանի ամիս առաջվա հետ։
Հիշեցնենք` ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ Այցի ընթացքում Վենսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այսօր նա այցելել է Ծիծեռնակաբերդ։
ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից կմեկնի Ադրբեջան։