ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մոսկվա կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ինքը ՌԴ-ում «անուն առ անուն» բարձրաձայնել է այն խնդիրները, որոնց մասին խոսվում է նաև Հայաստանում:
«Մենք զրուցել ենք ավելի քան մեկուկես ժամ. հասկանալի է, որ կան բաներ, որոնց մասին չեմ կարող հրապարակավ խոսել: Մենք անդրադարձել ենք մեզ մտահոգող բոլոր հարցերին: Ես նույնիսկ ասացի, որ Հայաստանում խոսում են СВО (Հատուկ ռազմական գործողություն) անցկացնելու հնարավորության մասին», - ասաց Սիմոնյանը:
Լավրովի հետ բանակցությունների առանցքային թեմաների թվում, ըստ Սիմոնյանի, եղել են ներդրումները Հայաստանում, տարածաշրջանների միջև գործակցությունը և մշակութային միջոցառումների անցկացումը:
«TRIPP-ի հետ կապված չեմ պատկերացնում, բայց քննարկել ենք ենթակառուցվածքների շահագործման և վերաշահագործման հետ մեջ ՌԴ ներգրավվածությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետագա քաղաքականությանը` ԱԺ խոսնակը նշեց, թե ռուս գործընկերները հայտնել են, որ ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը միջամտելու որևէ ձգտում չունեն։ Ավելին՝ իշխող ուժին առաջիկա ընտրություններում մաղթել են հաջողություն:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր։
Փետրվարի 6–ին Սիմոնյանին ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՀՀ ԱԺ խոսնակը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։