ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանում կարագացվի թմրամոլներին վարորդական իրավունքից զրկելու գործընթացը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ–ում այսօր ներկայացրեց ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:
Ըստ նախագծի՝ եթե Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը վարորդի անունով տրամադրի դրական եզրակացություն, ապա վարորդական իրավունքն ավտոմատ կդադարեցվի, և ՆԳՆ–ն կարիք չի ունենա հարցումով դիմել կենտրոն կամ առողջապահության նախարարություն։ Նույն կարգը կգործի վարորդի մոտ հոգեկան հիվանդությունների հայտնաբերման դեպքում։
Ղազարյանը նշեց, որ այս փոփոխությունը հնարավոր է դարձել պետական էլեկտրոնային տվյալների բազաների, մասնավորապես` «Արմեդ» բժշկական բազայի և ՆԳՆ էլեկտրոնային բազայի զարգացման, փոխգործակցության շնորհիվ:
Նա ավելացրեց` 2021–2025 թթ. ՆԳՆ–ն դադարեցրել է թմրամիջոցից կախվածություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող 2 370 քաղաքացիների վարորդական իրավունքը։
Իր հերթին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խնդրեց ՆԳՆ–ին միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ավելի խիստ պատժել վարորդներին ղեկին հեռախոսով խոսելու, ինչպես նաև երեխաների տեղափոխման ժամանակ հատուկ նստատեղերի բացակայության համար:
Նա հիշեցրեց, որ 2026 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը ՆԳՆ–ն տվյալներ էր ներկայացրել, ըստ որոնց` 2025 թվականին նման նստատեղերի բացակայության պատճառով ՃՏՊ–ից տուժել է 10 երեխա։