ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ձերբակալվել է ՌԴ ՊՆ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի սպանության փորձի նախապատրաստման երրորդ հանցակիցը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը։
«ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի նախապատրաստման երրորդ հանցակցին՝ Ռուսաստանի քաղաքացի Պավել Վասինին` ծնված 1981 թվականին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Ալեքսեևի դեմ մահափորձ նախապատրաստող երրորդ անձը տեղեկություններ է հավաքել Ուկրաինայի անվտանգության ծառայության հետաքրքրության շրջանակում գտնվող օբյեկտների մասին:
Պավել Վասինի ցուցմունքները օգնել են պարզել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ևս 2 թիրախները։
«Օպերատիվ միջոցառումների ընթացքում Վասինը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որի արդյունքում հաստատվել է, որ Լյուբոմիր Կորբան և Վիկտոր Վասինը հետևել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ևս երկու բարձրաստիճան աշխատակցի` դիվերսիաների և ահաբեկչական գործողությունների հետագա իրականացման նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։
Փետրվարի 8-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարած Լյուբոմիր Կորբային ձերբակալել են Դուբայում և հանձնել Ռուսաստանին: Դատարանի տվյալներով՝ նա կալանավորված է։ Հանցագործությանն օժանդակողները Ռուսաստանի երկու քաղաքացիներ են՝ 1971 թվականին ծնված Զինաիդա Սերեբրիցկայան և 1959 թվականին ծնված Վիկտոր Վասինը։ Ռուսաստանի ԱԴԾ-ն ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվածները՝ մահափորձ կատարողն ու նրա հանցակիցը, ընդունել են մեղքը։
Հիշեցնենք` գեներալին փորձել էին սպանել փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու շենքի նախասրահում։ 2011 թվականից ի վեր Վլադիմիր Ալեքսեևը զբաղեցնում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։