ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայտարարագրի համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չհարկվող եկամտի 300 հազար դրամի շեմը կփոխվի, թե ոչ, պարզ կդառնա նոր օրինագծով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Ավելի վաղ Էդուարդ Հակոբյանը նշել էր, որ հայտարարագրում 300 հազար դրամի կիրառման շեմը սահմանվել է միայն 2024 թվականի համար։
«ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախագիծ է շրջանառվում, որը ներքին քննարկման փուլում է հիմա։ Ըստ դրա` կամրագրվեն այն մոտեցումները, որոնք վերաբերում են չհարկվող եկամուտներին և 300 հազար դրամ շեմին»,– հայտարարեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է հարցին, որ այս տարվանից հայտարարգիր լրացնելու են նաև կենսթաոշակառուներն ու նպաստառուները, ՊԵԿ նախագահն ասաց, որ այս տարվա ընթացքում իրենց համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանան նպաստների ու կենսաթոշակների մասին, որոնք, աշխատավարձերի նման, արտացալված կլինեն հայտարարգրում։
Անդրադառնալով վարկերի և ապառիկների վերաբերյալ տեղեկատվության արտացոլմանը հայտարարագրում, Հակոբյանը նշեց, որ դրանց լրացնելը պարտադիր չէ. բանկային տվյալների մեջ առավել կարևոր է ավանդների կամ առևտրի դիմաց ստացվող եկամտի մասին տեղեկատվությունը։
«Մեր բարեփոխումների շրջանակում նախատեսում ենք, որ բանկերից տվյալները մենք ուղիղ կստանանք, սակայն պայմանով, որ տվյալ հայտարարագիր լրացնողը պետք է այդ մասին իր համաձայնությունը տա համակարգում»,– ընդգծեց ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2025 թ. հոկտեմբերի 24–ին ընդունեց «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները, որոնք պարզեցնում են պարտադիր հայտարարագրումը։ Այսպիսով, ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։ Ընտանիքի անդամների (մայր, որդի, քույր, եղբայր, տատիկ, պապիկ) միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի, դրանք հարկման ենթակա չեն։