ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանը «Միջին միջանցք» և TRIPP նախագծերի զարգացման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։
«Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության հռչակագրի շրջանակում պայմանավորվել են Միջին միջանցքի զարգացման և TRIPP նախագծին աջակցելու մասին»,- ասված է հռչակագրի տեքստում։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ «Թրամփի ուղին» (TRIPP) պետք է միացնի Ադրբեջանի երկու հատվածներն ու նպաստի տնտեսական համագործակցության զարգացմանը, ներառյալ փոխգործակցությունը բնական ռեսուրսների և կարևոր օգտակար հանածոների ոլորտներում:
ԱՄՆ-ն նաև մտադիր է Ադրբեջանին նոր մոտորանավակներ մատակարարել երկրի ջրային տարածքների պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Նշենք, որ Վենսը Բաքու է մեկնել Հայաստանից։ Մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է հայ գերիների թեման քննարկել Ադրբեջանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
«Միջին միջանցքը» կամ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին միջազգային տրանսպորտային միջանցք է, որը միացնում է Չինաստանը և Եվրոպան Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջով: