Խնդիրներին համարժեք արձագանքելու համար կարևոր է ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը. Բելոուսով

Ռուսաստանը 2026 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Կարևոր է շարունակել աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատրաստակամության ապահովման ուղղությամբ՝ ռազմաքաղաքական բարդ իրադրության պայմաններում մարտահրավերներին և սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը: Գերատեսչությունը հայտնում է, որ նա բանակցություններ է վարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ:
Նախարարը նշել է, որ կազմակերպությունում ստեղծվել և կատարելագործվում է ճգնաժամային արձագանքման համակարգը, ձևավորվել են ՀԱՊԿ հավաքական ուժերը, ինչպես նաև պարբերաբար անցկացվում են մարտական պատրաստության միջոցառումներ:
«Կազմակերպության գործունեության տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությամբ», – ասել է Բելոուսովը:
Ռուսաստանի ՊՆ-ի փոխանցմամբ, Մասադիկովն իր հերթին առաջարկել է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
«Խոսքը նախևառաջ ռազմական բաղադրիչի զարգացման մասին է», - ընդգծել է նպաշտոնյան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ երկրի պաշտպանության նախարարության մոտեցումները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ դիտարկվել են, մասնավորապես, ՀԱՊԿ հավաքական ուժերի բաղադրիչների զարգացման, ռազմական կրթության, կազմակերպության շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների անցկացման կարգի հարցերը:
2026 թվականին Ռուսաստանը նախագահում Է ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Մասադիկովը ստանձնել է այս տարվա հունվարի 1-ից։