ԱՄՆ–ն մոդուլային ռեակտորներ կմատակարարի Հայաստան. Վենսը` ներդրումների մասին

Ջեյ Դի Վենսը Երևանում
ԱՄՆ փոխնախագահի խոսքով` առաջին փուլում Հայաստանին կտրամադրվի 5 մլրդ դոլար, երկրորդ փուլում` ևս 4 մլրդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱԱՄՆ–ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

«Շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով»,– հայտարարեց Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է փոքր մոդուլյար ռեակտորներին։
«Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում»,- ասաց Վենսը՝ ընդգծելով այս հարցում ՀՀ վարչապետի դերը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ:
2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին:
Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։