ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր հրթիռային ծրագիրը ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Մենք չենք կարող հրթիռների շուրջ բանակցություններ վարել ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում, քանի որ դա պաշտպանության հարց է», – ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, ապա, ըստ Արաղչիի, հարստացված ուրանը չի հանվի Իրանից:
«Ուրանի հարստացման աստիճանը կախված է մեր կարիքներից։ Հարստացված ուրանը չի արտահանվի Իրանից», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Օմանում կայացած բանակցությունների ընթացքում հնարավորություն են ունեցել սեղմել միմյանց ձեռքը՝ չնայած հանդիպման անուղղակի բնույթին: Արաղչին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծում կարելի է գտնել միայն բանակցությունների միջոցով:
Հիշեցնենք` փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները վերացնելու համար:
Հանդիպումն առաջին անգամ է տեղի ունեցել 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության բաց փուլի պատճառով առաջացած բանակցային դադարից հետո։ Այդ ժամանակ Իսլամական Հանրապետությունը և ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ են անցկացրել: