2 տարվա դադարից հետո այս տարի կրկին անցկացվեց «Ապարանյան ձմեռ» փառատոնը։ Դեռ խորհրդային տարիներին՝ 1960-ականներին սկիզբ առած փառատոնը վերջին տարիներին չէր անցկացվում ձյան սակավության պատճառով։ Այս տարի եղանակը բարեհաճ գտնվեց, առատ ձյան տեղումներ պարգևեց ապարանցիներին ու վերադարձրեց սիրելի փառատոնը։
Վաղ առավոտից դեպի Ապարան տանող ճանապարհը ծանրաբեռնված էր, քանի որ փառատոնը սպասված է ոչ միայն տեղացիների համար։ Իսկական, ձնառատ ձմեռ վայելելու են գալիս հարևան մարզերից ու Երևանից։
Այս տարի փառատոնը հատկապես մեծ մասշտաբով անցկացվեց՝ բազմաթիվ տաղավարներ՝ տեղական արտադրանքով, խարույկ, լարախաղաց, երգ ու երաժշտություն ու 10-ից ավելի մարզական մրցումներ։
Ապարան-Լուսագյուղ ճանապարհի Խաչասարի հատվածում որ կողմ նայեիր՝ մի բան կատարվում էր՝ դահուկավազք, լեռնադահուկ, ձնամարտ, ընտանեկան տարբեր մրցութային խաղեր, անգամ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ ու նարդի, բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, ռաֆտինգ, ամենագնացների մրցում․․․
Ի դեպ, ապարանյան ձմեռը, պարզվեց, իսկական մարտահրավեր էր նույնիսկ փորձառու վարորդների համար։ Ասում են՝ ձմեռային մրցումների էլի էին մասնակցել, բայց ձյան այսպիսի առատություն չէին տեսել։