ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի զորահրամանատարները ներկայում սպառնալիքի ներքո են, նրանց անվտանգության ապահովումը հատուկ ծառայությունների խնդիրն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այն, որ պատերազմի ժամանակ նման զորահրամանատարներն ու բարձրակարգ մասնագետները վտանգի ներքո են՝ միանշանակ է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկատվությունը զեկուցվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ամենից առաջ մաղթում ենք, որ գեներալը ողջ մնա և ապաքինվի։ Հուսով ենք, որ այդպես էլ կլինի», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ անհայտ անձը Մոսկվայի բնակելի շենքում կրակել է Ալեքսեևի վրա: Գեներալ-լեյտենանտը հոսպիտալացվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։