ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանում գործող «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները դեռևս 4-5 ամիս կաշխատեն իրենց տաղավարներում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ այսօր այս որոշումն են իրենց հայտնել։
Երեկ վաճառականներն ակցիա էին անում` պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տրամադրեն իրենց և մեկ տարի ժամանակ տան, որպեսզի կարողանան իրացնել ներկրված ապրանքները։
«Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիան
© Sputnik
«Տոնավաճառն այսօր արդեն բնականոն աշխատում է։ Սակայն հայտնել են, որ 4-5 ամիս հետո տոնավաճառը վերանորոգվելու է, որից հետո մոլերի ձևաչափով է լինելու։ Բայց խոստացել են, որ մեզ նույնպես կտրամադրեն տաղավարներ այդ տարածքում»,– ասաց աշխատակիցը։
Այնուամենայնիվ, գործող վաճառականներն իրենց տաղավարների համար անուններ պետք է որոշեն, այսինքն՝ պետք է աշխատեն խանութի սկզբունքով, եթե ցանկանում են տարածք ունենալ վերանորոգված տոնավաճառում։
Հիշեցնենք` տոնովաճառը պատկանում է իշխանամետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։