ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դիվանագետին «խիստ բողոք» են հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության համար:
Նախօրեին միջազգային «Լազարյան ակումբը» հայտարարություն էր տարածել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ դատավճիռների մասին: Հայտարարության տեքստը հրապարակվել էր «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինի էջում:
Հայտարարության մեջ նշվում րէ, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը փաստորեն դարձել է ԽՍՀՄ փլուզման գործընթացում տարածաշրջանի հայ բնակչության արտահայտած ինքնորոշման իրավունքի դատապարտում: Ընդգծվում էր, որ Բաքվի գործընթացը հաշվեհարդար է, դատաստան, այլ ոչ թե դատավարություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվում դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին նշանակել են 20-ական տարվա ազատազրկում այն պատճառով, որ Ադրբեջանի օրենսդրությունը 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում չի սահմանում:
Իսկ Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման: