ԱՄՆ–ն Ռուսաստանի հետ կքննարկի ՌՀՍ–ին փոխարինող պայմանագրի մշակման հեռանկարները. Լիվիտ

Ավելի վաղ The Financial Times թերթը գրել էր, որ Թրամփը ցանկանում է պահպանել միջուկային զենքի քանակի վերաբերյալ հավասարությունը Ռուսաստանի հետ և բանակցություններին միացնել Չինաստանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը նախատեսում է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր մշակելու վերաբերյալ, որը պետք է փոխարինի «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին» (ՌՀՍ)։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
«Նախագահը (ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը–խմբ.) ցանկանում է, որ միջուկային զենքի մեր փորձագետները աշխատեն նոր, կատարելագործված և արդիականացված պայմանագրի վրա, որը երկար ժամանակ կգործի։ Եվ հենց դա է ԱՄՆ–ն շարունակելու քննարկել Ռուսաստանի հետ», – ասել է նա։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին ռուս–ամերիկյան պայմանագրի ժամկետը երկարաձգելու փոխարեն անհրաժեշտ է համարում աշխատել նոր երկարաժամկետ պայմանագրի վրա։
Թրամփը հանդես է եկել ՌՀՍ-ի երկարաձգման փոխարեն նոր համաձայնագրի մշակման օգտին
Հիշեցնենք` փետրվարի 5-ին«Axios»-ը հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ևս կես տարով պահպանել դրա առանցքային դրույթները: Լրատվականի աղբյուրները նշել են, որ պայմանագրի գործողության ժամկետը պաշտոնապես ավարտվում է փետրվարի 5-ին և իրավաբանորեն չի երկարաձգվի, սակայն կողմերը քննարկում են դրա հիմնական դրույթների ժամանակավոր կատարումը և նոր համաձայնագրի շուրջ զուգահեռ բանակցությունները: Վերջնական որոշումը, «Axios»-ի տվյալներով, պահանջում է երկու երկրների նախագահների հավանությունը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտնել էր պաշտոնական Վաշինգտոնի կողմից արձագանքի բացակայության մասին: Հայտարարության մեջ ասվում էր, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից այդպես էլ պատասխան չի ստացել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի վերաբերյալ իր առաջարկի հետ կապված: Նշվում էր, որ Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ պայմանագրի կողմերը փաստաթղթի համատեքստում այլևս կապված չեն որևէ պարտավորություններով և ազատ են իրենց հետագա քայլերի ընտրության հարցում:
Կրեմլը ողջունում է սպառազինությունների վերաբերյալ Պուտինի գաղափարի մասին Թրամփի խոսքերը