ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանի ՀՆԱ–ն 2025 թվականին, նախնական գնահատականներով, մոտ 26 մրդ դոլարից հասել է 28 մլրդ դոլարի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա` եթե 2024 թվականին ՀՆԱ–ն ընթացիկ գներով կազմել է 10,2 տրլն դրամ, ապա 2025 թվականի արդյունքներով սպասվում է 10,85–10,86 տրլն դրամ։
Նախարարի խոսքով` եթե 2024 թվականին ՀՆԱ–ի աճը կազմել է 5,9 տոկոս, ապա 2025 թվականին ակնկալվում է, որ այն կգերազանցի 6 տոկոսը։
Ինչ վերաբերում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ին, ապա եթե 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 8 556 դոլար, ապա 2025 թվականին նախարարությունն ակնկալում է ավելի քան 9 հազար դոլար։
Նշենք, որ Համաշխարհային բանկի 2026 թվականի դասակարգման համաձայն՝ մեկ շնչի հաշվով տարեկան 4,496–13,935 դոլարի միջին եկամտի միջակայքը համարվում է միջինից բարձր ցուցանիշ (Upper Middle Income)։ Համապատասխանաբար, Հայաստանը շարունակում է մնալ երկրների այդ խմբի մեջ։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներին, ապա Պապոյանի խոսքով` եթե չհաշվենք նույնիսկ ոսկու և պլատինի վերարտահանումը, ապա 2025 թվականին մեր արտահանումը կայուն աճ է ապահովել։
«Սա վերաբերում է այն արտադրանքին, որը մենք ենք արտադրում։ Մեր գործարաններում արտադրված ապրանքի արտահանումը շարունակաբար աճում է ու արդեն իսկ հասել է 4.62 մլրդ դոլարի, որը պատմական ցուցանիշ է։ Այն 2024 թվականի համեմատ 10 տոկոսով ավելացել է»,– հայտարարեց նախարարը։
Ըստ նրա` երկու անգամ աճել է նաև Հայաստանի արտադրողականությունը, որը հնարավոր է եղել գիտելիքի ու նոր տեխնոլոգիաների շնորհիվ։