Երևանում «Ռոսիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են անում։ Նրանց խոսքով` իրենց ստիպում են լքել զբաղեցրած տարածքները։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ իշխանամետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող տոնավաճառի աշխատակիցները հավաքվել են տոնավաճառի մուտքի մոտ։
«Մենք 30 տարի այստեղ ենք աշխատել, տեղ ենք վարձակալել, այն տեղերը, որ մեզ առաջարկում են, մեր սրտով չեն։ Լավ, մենք այս երկրում չե՞նք կարողանալու մեր շահերի համար պայքարել»,–ասաց վաճառականներից մեկը։
«Ռոսիա» տոնավաճառի ղեկավարության ներկայացուցիչներից մեկն էլ, որը դուրս էր եկել ցուցարարների հետ խոսելու, հայտարարեց` նրանց չեն ասում, որ առանց գործի են մնալու, այլ տեղ են առաջարկում, որին վաճառականները չեն համաձայնում։ Նշենք, որ ըստ տեղեկությունների` վաճառականներին տաղավարներ են առաջարկել «Երևան» տոնավաճառում։
«Պատկերացրեք` դուք վարձակալն եք, տանտերն ուզում է իր տունը վերանորոգել, ասում եք` մենք դեմ ենք։ Ձեզ չեն հանում ու ասում` գնացեք ձեր տները»,–ցուցարարների հետ զրույցում ասաց ղեկավարության ներկայացուցիչը։
Աշխատակիցներից մեկն էլ նշեց` խնդիրն այն է, որ իրենց վարձակալած տարածքն ուզում են տալ մի քանի բրենդի։
«Այսքան մարդ մնում է առանց գործի, մարդիկ վարկերի տակ են։ Թող էլի վերանորոգեն, սիրուն բուտիկներ սարքեն, բայց տան մեզ։ Թող վարձն էլ մի քիչ ավել լինի, բայց մենք մեր տեղերում լինենք»,–ասաց վաճառական կինը։
Մի քանիսն էլ լրագրողներին հորդորեցին խնդիրը չքաղաքականացնել։
Նրանցից մեկը լրագրողներին ցույց տվեց տոնավաճառի հետ կնքած պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2030 թվականը։
«Եթե մենք ուզենք ավելի շուտ հրաժարվել վարձակալության պայմանագրից, ապա պարտավոր ենք իրենց 20 օր շուտ տեղեկացնել, բայց իրենք պայմանագրով իրավունք չունեն մեզ դուրս անել»,– ասաց նա։
Ակցիայի ընթացքում վաճառականները ստորագրահավաք կազմակերպեցին` պահանջելով, որ վերանորոգումից հետո տաղավարները կրկին տան իրենց, ինչպես նաև մեկ տարի ժամանակ տան, որ ներկրված ապրանքները կարողանան իրացնել։