ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին. այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Շատ լավ գործում է Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական հանձնաժողովը: Մարտին կկայանա հերթական հանդիպումը»,- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ խորհրդարանական գծով երկու երկրների միջև մի շարք առկախ մնացած աշխատանքային հարցեր կան:
«Մենք մեր կողմից, բնականաբար, կհորդորենք գործադիր իշխանության մարմիններին, որպեսզի դրանք ավելի արագ լուծվեն»,-հավելել է Մատվիենկոն:
Նա նաև նշել է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասել, Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 33%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: «Այս տարիների ընթացքում ռուսական բիզնեսը ներդրել է ավելի քան 4 միլիարդ դոլար, Հայաստանում իրականացվում է 40 նախագիծ»,-ասել է Դաշնության խորհրդի նախագահը:
Ավելի վաղ Սիմոնյանը հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել էին մի շարք հարցեր՝ Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ Երևանի հայտարարությունից մինչև ԵԱՏՄ-ում փոխգործակցությունը՝ դեպի ԵՄ Հայաստանի ձգտումների համատեքստում: