Պայթյունավտանգ է ողջ տարածաշրջանի համար. Լավրովը՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման մասին

Ռուսաստանը պատրաստ է օգնել հարթել իրավիճակը, ինչի մասին տեղյակ են Իսրայելում, ԱՄՆ-ում և Իրանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների ներկայիս սրացումը պոտենցիալ պայթյունավտանգ է ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքի համար Դիվանագետի օրվան նվիրված Ռիք Սանչեսի հետ հարցազրույցում` պատասխանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների ներկայիս սրման մասին հարցին։
«Այստեղ չափազանց շատ ականներ կան, որոնք պատրաստ են պայթել, որոնք պարզապես սպասում են, որ իրենց վրա կանգնեն», – ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Իրանը Ռուսաստանի մտերիմ գործընկերն է, և Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքի իրավիճակի հանդեպ։
«Իրանը մեր գործընկերն է, մեր մտերիմ գործընկերը և հարևանը։ Եվ, իհարկե, մենք անտարբեր չենք իրադարձությունները զարգացման նկատմամբ։ Եվ կարծում եմ, որ Իսրայելը, Ամերիկան ​​և Իրանը գիտեն, որ մենք պատրաստ ենք նպաստել իրավիճակի կարգավորմանը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածների մասին՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»:
Իրանի առաջնորդը պետք է լրջորեն մտահոգվի ԱՄՆ-ի հետ լարվածության պատճառով. Թրամփ