ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik․ Հայաստանում 0-1 տարեկան երեխաների շրջանում մահացության ցուցանիշն աճել է՝ մեկ տարում 1000 ծնվածի հաշվով 6․2 պրոմիլից դառնալով 7․1: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ եթե 2024թ․-ին 0-1 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է 191 մահ, ապա նախորդ տարի՝ արդեն 207։ «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ աճող ցուցանիշը չափազանց մտահոգիչ է։
«Ժողովրդագրական տվյալներով մենք այսօր ծերացող հասարակություն ենք համարվում, որովհետև ծնելիությունը բավականին նվազել է, մանկական մահացությունն աճում է»,- ասաց Պողոսյանը։
Նրա կարծիքով՝ սա հիմա արդեն ազգային անվտանգության հարց է։ Հիշեցնում է՝ 2020 թ․-ին՝ քովիդի համավարակի ժամանակ, այս ցուցանիշը եղել է մոտավորապես 7․4, դրա հաջորդ տարի 2021թ․-ին՝ 6․9, ու հիմա կրկին աճ ունենք։ Մասնագետը կարծում է՝ այս ամենը վկայում է առողջապահական համակարգի կազմակերպման խնդիրների մասին։
«Նախորդ տարվա կեսերին, երբ երեխաների մահացությունը զրոյից 4 տարեկանների շրջանում բարձրացավ, Առողջապահության նախարարությունը կարճ ուղերձ հղեց, թե՝ «խնդրում ենք՝ երեխաներին հեռու պահեք տարբեր տեսակի կենցաղային վտանգավոր նյութերից», «երեխաները պետք է ապահով միջավայրում մեծանան»։ Նախարարի կոչն էր՝ «հեռու պահեք տատիկ-պապիկի դեղահաբերը երեխաներից» և այլն։ Պարզ ասեմ՝ այսպես փորձ էր ավում երեխաների մահացության բարձր ցուցանիշը բարդել ծնողների վրա, այսինքն՝ ուշադիր չեք, պատահարներ են լինում և այլն»,- ասում է Պողոսյանը։
Շեշտում է՝ դրանից հետո ինքը նաև հարցումներ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն ու պարզել, որ ամենամեծ թվով մահերը 0-1 տարեկանների շրջանում է, որոնց դեպքում հավանականությունը փոքր է, թե կարող են անզգուշությամբ, օրինակ, վնասակար, կենցաղային նյութերին հասանելիություն ունենալ կամ տատիկ-պապիկի դեղորայքը խմել, թունավորվել։ Իր վերլուծությունը նաև ցույց է տվել, որ նախորդ տարի նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների մահվան դեպքերը, ուստի գերակշիռ մեծամասնության մահվան պատճառը տարբեր հիվանդություններն ու խնդիրներն են։
Մյուս կողմից մասնագետը նկատում է՝ մամուլում էլ բազմաթիվ դեպքեր են լուսաբանվում, երբ ծանր թոքաբորբով երեխային հասցնում են հիվանդանոց, ու ընդունարանում երեխան արդեն մահանում է։ Ըստ նրա՝ բոլոր այս դեպքերը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն առողջապահության նախարարության կողմից, որ պարզ դառնա, թե խնդիրը որ օղակում է՝ ուշացած բուժօգնություն, սպասարկում և այլն։ Կարծում է՝ թերությունները պետք է վեր հանվեն, դառնան շրջաբերականներ, տարածվեն առողջապահական ամբողջ համակարգում՝ հետագա սխալները կանխելու և մահացության թվերը նվազեցնելու համար։