ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նշվում է, որ Աբու Դաբիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
«ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և համոզմունք հայտնել, որ դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորությունները թույլ կտան տարածաշրջանում ձևավորել համագործակցության նոր մակարդակ: Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է խորացնել և ընդլայնել ՀՀ-ի հետ տարբեր ոլորտներում կապերը»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանն էլ կաևորել է ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և միաժամանակ ընդգծել՝ դրա համար առկա է մեծ ներուժ և այն իրացնելու անհրաժեշտ կամք:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների կազմակերպումը:
«ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր»,- նշվում է հաղորդագրությունում։
Վարչապետի աշխատակազմից նաև տեղեկանում ենք, որ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄԷ ավարտվել է։ Վարչապետին և տիկնոջը՝ Աննա Հակոբյանին Աբու Դաբիի օդանավակայանից ճանապարհել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով էր։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում նա մասնակցել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը, իսկ մինչ այդ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։