ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանը չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։ Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, և Հայաստանում այլ ընկալում չկա։ Միաժամանակ հասկանալի պատճառներով մենք պատերազմի ավարտի առաջին իսկ օրերից փորձել և փորձում ենք կարգավորել իրավիճակը մեր տարածաշրջանում, և, ըստ իմ գնահատականի, դա մեզ մոտ վատ չի ստացվել», - ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն բավական առաջ են գնացել այս հարցում, և մոտ ապագայում նախատեսվում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը կարևոր է այս երկրների ապագայի համար։
«Ես չեմ ուզում, որ այստեղ՝ Ռուսաստանում, տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել ընդդեմ ՌԴ-ի՝ բարեկամական դաշնակից պետության` չնայած այն հանգամանքին, որ կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն», - նշել է Սիմոնյանը։
ԱԺ նախագան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հենց ինքը՝ Լավրովը, իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկում է այդ հարցերը։ Դրանցով զբաղվում են նաև երկու երկրների առաջնորդները։ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում գոյություն չունի «մեզ հետ կամ մեր դեմ» ընկալումը։
«Մենք համարում ենք, որ դա սխալ է։ Սխալ է Հայաստանի և այն ամենի համար, ինչ մենք ունենք (ՌԴ-ի հետ. խմբ․)», - ընդգծել է Սիմոնյանը։
Նա նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ի հարցին։ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է` Երևանն այդպես էլ չստացավ իր հարցերի պատասխանները։
Սիմոնյանը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանի վերաբերյալ հռետորաբանության կապակցությամբ, որը հաճախ է հնչում հանրային տիրույթում։
«Դա անհանգստացնում է ոչ միայն մեզ, այլև հայ հասարակությանը։ Ես դեսպանին հայտնել եմ իմ տեսակետը։ Հայ հասարակության մեջ շատ բացասական են արձագանքում այն հայտարարություններին, որոնք հնչում են Մոսկվայից։ Այդպես են արձագանքում, որովհետև Մոսկվան կարևոր է, կարծիքը կարևոր է, և այն գիտակցումը, որ Մոսկվան դաշնակից է, եղել է և կա։ Դրա համար շատ ցավոտ է լսել նման արտահայտություններ», - նշել է Սիմոնյանը։
Հիշեցնեք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։