ԵԱՏՄ–ն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց դա Հայաստանի որոշելիքն է. Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և այդ դերին պատասխանատու է վերաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը չի կարող համատեղելի լինել Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Բանավեճն այն մասին, թե ինչն է ավելի կարևոր և ինչն է ավելի շահավետ Հայաստանի համար (Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների շարունակումը, թե Եվրամիության նորմերին ու չափանիշներին անցումը): Այդ քննարկումներն ընթանում են, մենք դրանց հետևում ենք, բայց դուք գիտեք նաև մեր դիրքորոշումը։ Այն պայմանավորված չէ ինչ-որ գաղափարական դրդապատճառներով, այն բխում է իրականությունից»,– ընդգծել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը կրկին նշել է, որ Ռուսաստանը լիովին կհարգի Հայաստանի ընտրությունը և շահագրգռված է, որ գործընկեր երկիրը լինի ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ:
Լավրովը նաև նշել է` Ռուսաստանը չի առարկում, որ իր գործընկերներից որևէ մեկը զարգացնի իր արտաքին կապերը այլ ուղղություններով, մինչդեռ ԵՄ գործընկերներն անընդհատ ընտրության առաջ են կանգնեցնում Հայաստանին։
Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից. Ալեն Սիմոնյանը` Սերգեյ Լավրովին
Միևնույն ժամանակ Լավրովը նշեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և այդ դերին պատասխանատու է վերաբերվում:
«Մոսկվան ձեզ համար մնում է հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Մենք դրան պատասխանատու ենք վերաբերվում, ամեն կերպ ցանկանում ենք զարգացնել այդ համագործակցությունը, առաջ տանել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, նախաձեռնություններ՝ հաշվի առնելով այն փորձը, որն արդեն առկա է և արտացոլված է Հայաստանի տնտեսության կառուցվածքում»,– ասել է նա։
Լավրովը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ չպետք է մոռանալ այն արդյունքը, որ ձևավորվել է ԵԱՏՄ անդամակցության այս տարիներին։ Մասնավորապես, եթե ԵԱՏՄ համագործակցությունը 2015 թվականին սկսեց 10,5 մլրդ դոլարով, ապա հիմա այն հասել է 26 մլրդ դոլարի, այսինքն` 2.5 անգամ առևտրաշրջանառությունն աճել է։
ՀՀ–ն դիմել է ԵՄ-ին, որ օգնի «ընտրություններին արտաքին միջամտության» դեմ պայքարում
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025–ի դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ ԵԱՏՄ–ից դուրս գալը նպատակ չէ, ԵՄ անդամ դառնալը նպատակ է։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին միանալու ցանկությունը երկրի սուվերեն իրավունքն է, իսկ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ–ի միջև։