Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալը կլուծարվի. ինչ է առաջարկվում

Հոսպիտալ. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է ներկայումս ՀՀ–ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ Բերդի զինվորական հոսպիտալի լուծարման գործընթացը պետք է իրականացվի երկամսյա ժամկետում։
««Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի ստեղծմամբ կապահովվի զինված ուժերի բուժապահովման համակարգի արդյունավետությունը, կբարելավվի նրանց հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների բուժօգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման ընդունումը, ըստ պաշտպանության նախարարության, պայմանավորված է ներկայումս ՀՀ–ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարությամբ և առկա հնարավորությունների գնահատմամբ։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրը: