ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Կիպրոսում հայտնաբերել են «Ուրալկալիումի» նախկին ղեկավար Վլադիսլավ Բաումգերտների մարմինը, այն նույնականացրել են ԴՆԹ անալիզի միջոցով: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Ակրոտիրի և Դեկելիա բրիտանական անդրծովյան տարածքի ոստիկանական վարչությունում, որտեղ տեղակայված են բրիտանական նույնանուն բազաները:
Գործարարն անհետացել էր հունվարի սկզբին, ավելի ուշ ԶԼՄ-ները գրել էին, որ նրա մարմինը գտել են Լիմասոլի շրջանում՝ բրիտանական բազայի տարածքում: Այս ընթացքում ոստիկանությունը պարզում էր մահացածի ինքնությունը։
«Մահվան պատճառների մասին տեղեկություն չունենք։ Դա նշանակում է, որ պատճառն առայժմ պարզ չէ», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ռուսաստանցի գործարարի ծանոթ Ալեքսեյ Դոզորցևին, Բաումգերտների մարմինը Կիպրոսից կտեղափոխվի Մոսկվա, հրաժեշտի ու հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայրաքաղաքում:
Ավելի վաղ Դոզորցևն ասել էր, որ Բաումգերտների մահվան հիմնական վարկածը դժբախտ պատահարն է։