ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից կռվող սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ նրանք պետք է շարունակեն պատիժը կրել։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Այդ անձինք փոխանցվել են դատապարտյալների փոխանցման կառուցակարգով։ Այսինքն՝ իրենք պետք է շարունակեն պատիժ կրել։ Հարցը կարգավորվել է քրեական վարույթներով իրական օգնության մասին օրենքով։ Ըստ դրա՝ պրոցեսը կարող է իրականացվել փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Դա արվել է՝ գնահատելով այն հնարավորությունները, որոնք մենք այս պահին ունենք։ Այս քայլն արվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու, Սիրիայում հայ համայնքի իրավունքների պաշտպանությունն ավելացնելու համար»,- նշեց Գալյանը։
Հարցին՝ ինչու են նրանք Թուրքիայի միջոցով փոխանցվել, նախարարն էլ հարցով պատասխանեց՝ արգելվա՞ծ է Թուրքիայի միջոցով փոխանցել։
Ընդգծեց՝ վարձկանները փոխանցվել են նաև Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու, ինչպես նաև օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում։ Վստահեցրեց՝ չկա որևէ արգելք՝ այդ պետության միջոցով դատապարտյալների փոխանցման համար։
Նախարարը նաև շեշտեց, որ հարցը միայն իրավական հիմք ունի։