Նոր Սահմանադրությունը ՀՀ–ում կառավարման փոփոխություն չի նախատեսում․ նախարար

Հայաստանում սահմանադրական հանրաքվեի ժամկետները դեռ որոշված չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրությունը, որի նախագիծը պատրաստ կլինի մարտին, կառավարման ձևի փոփոխություն չի նախատեսում։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Որոշում է կայացվել չփոխել կառավարման ձևը։ Այսինքն` մենք կշարունակենք մնալ խորհրդարանական ձևով կառավարվող երկիր»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեի ժամկետները դեռ որոշված չեն, բայց ամենայն հավանականությամբ դրանք կլինեն հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից հետո։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։
Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:
ՀՀ-ում հարցվածների միայն 12%-ն է պատրաստ կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությանը