Մոսկվային քաջ հայտնի է, որ ՌԴ–ն Հնդկաստանի միակ նավթամատակարարը չէ. Կրեմլ

Ռուսաստանի ղեկավարությունը ընդգծված սառնասրտությամբ է արձագանքել Վաշինգտոնից ստացած այն լուրին, որ Հնդկաստանը խոստացել է լիովին դադարեցնել ռուսական նավթի գնումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Մոսկվային քաջ հայտնի է, որ Ռուսաստանը Հնդկաստանի միակ նավթամատակարարը չէ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այդպես է նա պատասխանել լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Հնդկաստանի նավթի նախարար Հարդիպ Պուրիի այն հայտարարությունը, որ Հնդկաստանն իր մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորություն ունի և ներկայումս վառելիքի այս տեսակը ձեռք է բերում 41 երկրներից։
«Մենք, և ոչ միայն մենք, այլև միջազգային էներգետիկայի ոլորտի բոլոր մասնագետները, լավ գիտեն, որ Ռուսաստանը Հնդկաստանի նավթի և նավթամթերքի միակ մատակարարը չէ։ Հնդկաստանը միշտ այդ ապրանքները ձեռք է բերել նաև այլ երկրներից։ Հետևաբար, մենք այստեղ որևէ նորարարություն չենք տեսնում», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իբր, համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումները և ավելացնել ԱՄՆ-ից մատակարարումները, միևնույն ժամանակ Վաշինգտոնը 25%-ից մինչև 18% նվազեցրել է հնդկական ապրանքների մաքսատուրքերը։ Թրամփի հետ զրույցից հետո Հնդկաստանի վարչապետը չի մեկնաբանել նրա պնդումներն այն մասին, որ Նյու Դելին, իբր, հրաժարվել է ռուսական նավթ գնելուց։