ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու հարցը համաձայնեցված էր համարում, բայց հիմա նոր վայր ու ձևաչափ է քննարկվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ «Axios»–ը գրել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները Թուրքիայից կտեղափոխվեն Օման: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իրանը պահանջել է փոխել առաջիկա ուրբաթ նախատեսված բանակցությունների տեղն ու ձևաչափը: Թեհրանը ցանկանում է հանդիպումն անցկացնել երկկողմ ձևաչափով` միայն ԱՄՆ-ի հետ, ոչ թե արաբական մի քանի երկրների մասնակցությամբ։
«Մենք կարծում էինք` ունենք Թուրքիայում բանակցություններ անցկացնելու համաձայնեցված հարթակ, որը ձևավորվել է մի շարք գործընկերների մասնակցությամբ, որոնք ցանկանում էին ներկա լինել և մաս կազմել այդ գործընթացին: Սակայն երեկ ես տեսա Իրանից եկող հակասական հաղորդագրություններ այն մասին, որ նրանք չեն համաձայնել դրան: Այնպես որ այդ հարցը դեռ մշակվում է»,– ասել է Ռուբիոն Պետդեպարտամենտում հանքանյութերին նվիրված միջոցառման ժամանակ։
Իրանի հետ բանակցությունների համատեքստում նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը պատրաստ է ցանկացած շփման ու հանդիպման. Վաշինգտոնը դա որպես զիջում չի դիտարկում:
«Նախագահ Թրամփը պատրաստ է խոսել և հանդիպել աշխարհի բոլոր մարդկանց հետ։ Մենք հանդիպումները զիջումներ կամ լեգիտիմացում չենք համարում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։