ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Բռնություն կատարած ոստիկանության աշխատողի դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
Նշենք, որ փետրվարի 3-ին լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր տարածել որտեղ երևում էր, թե ինչպես է ենթադրաբար ոստիկանության բաժանմունքում օպերլիազորը խոշտանգում և հայհոյում տղամարդուն, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Լրագրողը գրել էր, որ ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց։
«ՄԻՊ-ը բազմիցս ընդգծել է՝ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Մանասյանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը: Աշխատակազմից հայտնում են նաև, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն էլ հայտնել էր, որ անձի նկատմամբ բռնություն իրականացրած և հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են։ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել, առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տրվել։