Ֆրանսիայի ԱԺ–ն բանաձև է ընդունել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ

Բանաձևը հեղինակել է Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի–Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին։ «Nouvelles d'Arménie»–ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Բանաձևի նախագիծը լիագումար նիստի ժամանակ ներկայացրել է խորհրդարանական Լորան Վոկյեն:
Նրա ներկայացրած նախագիծը, որը առաջարկել է Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացել է 183 «կողմ» ձայն։
«Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում»,– գրել է Փափազյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Բացի Վագիֆ Խաչատրյանից, որին տեղափոխել էին «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկա, մյուսները հետազոտվել էին «Մուրացան» հիվանդանոցում և ուղարկվել տուն (Վիգենի դեպքում՝ հյուրանոց)։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նրանց առողջական վիճակը բավարար է։