Ավետիսյանների ամբողջ ընտանիքին սպանած Պերմյակովը շարունակում է կրել պատիժը

ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է՝ Պերմյակովի պատժի վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Գյումրիում Ավետիսյանների ամբողջ ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովը ՌԴ-ում շարունակում է կրել պատիժը։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նշենք, որ Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունը հրաժարվում է հայտնել Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը՝ հղում անելով ՌԴ օրենսդրությանը։ Այսինքն՝ դատապարտյալների անձնական տվյալներին, անձնական գործի նյութերին կամ այլ կոնտակտային տեղեկատվությանն առնչվող տվյալների տրամադրումը կարգավորվում է ՌԴ Դաշնային օրենսգրքի «Անձնական տվյալների մասին» օրենքով։
«Մենք պարբերաբար գրություններ ենք ուղարկում Ռուսաստանի Դաշնություն, վերահսկում ենք՝ իմանալու, թե նա որտեղ է, ինչպես է կրում պատիժը։ Մենք անընդհատ ճշտում ենք, որ Ռուսաստանի X շրջանի X քրեակատարողական հիմնարկում նա կրում է իր պատիժը»,- ասաց Գալյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թվականի հունվարի 13-ից: