ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած ամերիկյան արդյունաբերության ոսկե դարն այդպես էլ չեկավ, իսկ առևտրային մաքսատուրքերը միայն արագացրին արդյունաբերության անկումը։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը։
«Արդյունաբերական բումը, որը նախագահ Թրամփը խոստացել էր որպես Ամերիկայի համար ոսկեդարի սկիզբ, հակառակ ուղղությամբ է ընթանում։ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի վարչակազմերի տնտեսական միջամտություններից հետո արդյունաբերության մեջ ավելի քիչ ամերիկացիներ են աշխատում, քան համավարակի ավարտից ի վեր ցանկացած պահի», - նշվում է հոդվածում։
WSJ-ի տվյալներով՝ 2023 թվականից ի վեր ԱՄՆ արդյունաբերության մեջ կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ։ Նոր մաքսատուրքերի սահմանումից հետո արտադրողներն ութ ամիս անընդմեջ կրճատել են անձնակազմը, իսկ ավտոկոնցեռններն ու միկրոչիպեր արտադրողները աշխատանքից հեռացրել են տասնյակ հազարավոր աշխատակիցների:
Թերթը նշում է, որ տուրքերը բարձրացրել են ընկերությունների ծախսերը, իսկ անհետևողական առևտրային քաղաքականությունը կաշկանդել է ներդրումները։ Միևնույն ժամանակ Չինաստանը և այլ երկրներ շարունակել են մեծացնել արտահանումը՝ ուժեղացնելով ճնշումը ամերիկյան արտադրողների վրա:
2025 թվականի սկզբին Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի «ոսկեդարի» սկիզբը, իսկ նույն թվականի ապրիլին հայտարարել էր 185 երկրների և տարածքների արտադրանքի մաքսատուրքերի սահմանման մասին։